slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտագործնական համաժողովների

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում անցնող շաբաթը հագեցած էր դատական փորձաքննությունների ոլորտի արդիական հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտագործնական համաժողովներով։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ,ապրիլի 7-ին մասնակցել են Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի և ՌԴ Կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի կազմակերպած «Դատական փորձաքննությունները թվային տեխնոլոգիաների համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին։

Գիտաժողովի մասնակիցները տեսակապի միջոցով մտքեր են փոխանակել դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հետազոտությունների, փորձագիտական գործունեության զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Համաժողովի ընթացքում ներկայացվել է հունվարին կայացած «Դատական փորձաքննության տեսությունը և պրակտիկան ժամանակակից պայմաններում» խորագրով 9-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում հրատարակված հոդվածների ժողովածուն, որում ներառված է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի՝ «Կատարված ռազմական հանցագործությունների փաստերի ապացուցման գործընթացում հատուկ գիտելիքների և հմտությունների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հոդվածը։

Ապրիլի 13-ին էլ Բյուրոյի անձնակազմը տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել է Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և քրեագիտության ամբիոնի կազմակերպած «Դատական փորձաքննության տեսական և գործնական վիճելի հարցերը» խորագրով 5-րդ գիտագործնական միջազգային համաժողովին, որը նվիրված էր հետքաբանական փորձաքննությունների ոլորտի ականավոր ռուս գիտնական, պրոֆեսոր Գրանովսկիի 100 ամյակին։

Գիտաժողովին մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների շուրջ 60 ականավոր գիտնականներ, դատափորձագիտական գործունեության տեսական և իրավական կարգավորումների բնագավառի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և այլ երկրներից:

Բանախոսներն անդրադարձել են դատական փորձաքննությունների մի շարք ոլորտների կարևոր հիմնահարցերի, այդ թվում՝ համակարգչային գործիքների և համակարգերի քրեագիտական հետազոտության օբյեկտներին, նախաքննության և դատաքննության գիտատեխնիակական աջակցությանը, փորձաքննություն նշանակելու մասին որոշման առանձին հարցերին, լրացուցիչ տեխնոլոգիաների կիրառմամբ հրազենի մասերի ձգաբանական հետազոտության հնարավորություններին և այլն:

Գիտաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղզումցյանը հանդես եկավ «դատահոգեբանական փորձաքննությունների արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով մեր երկրում իրականացվող հոգեբանական փորձաքննությունների առանձնահատկությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները: Զեկույցներով հանդես եկան նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբան-փորձագետներ Մանուկ Համբարձումյանը և Գայանե Շահվերդյանը:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային համագործակցության շրջանակների ամրապնդման և ընդլայնման գործընթացների շարունակական ապահովումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանը, գիտագործնական ներուժի կատարելագործմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։

14 April 2023